211652_close_icon
views-count1408 դիտում article-date 12:52 03-02-2024

Հայկական կողմն Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին պետք է դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը. Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն իր երկրորդ հայտարարությունն է տարածել,  որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։

ՀՀ նախկին արտգործնախարար, հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վարդան Օսկանյանը այդ հայտարարությունը լրացրել է մի քանի մեկնաբանություններով։
«Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր  Արևելքից։

Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։

Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։

Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը», - Facebook-ում գրել է Օսկանյանը` հրապարակելով հայտարարությունը:

«Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․

Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան
Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ

- Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:

- Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։

- Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։

- Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:

- Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։

- Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։

- Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:

- Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։

- Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր