211652_close_icon
views-count658 դիտում article-date 17:14 13-02-2024

Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար:

ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները եւ հայտնել հայկական կողմի մտահոգությունները:

«Ժողովրդարավության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է եւ դրանով պայմանավորված պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առեւտրատնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները եւ հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը:

Նմանատիպ նյութեր