211652_close_icon
views-count1039 դիտում article-date 15:24 19-03-2024

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ուղեկցությամբ Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական շրջանակների հետ

Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի հրավերով Լոնդոնում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտի 17-ին Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ։ Միջոցառումն անցկացվել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո, Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի համակազմակերպմամբ:

Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանից ներս՝ հատկապես Ներքին Հանդ, տեղում ստեղծված հումանիտար իրավիճակը, քննարկել ցեղասպանական շրջափակումից հետո Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները և անդրադարձել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների խնդրին։ Միջոցառման մասնակիցները նաև շեշտել են սփյուռքի համախմբման կարևորությունը՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում։ Համայնքի անդամները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի կազմակերպմամբ և հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանի ուղեկցությամբ՝ մարտի 18-ին Թաթոյանն այցելել է Վեսթմինսթերյան պալատ և հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ:

Թաթոյանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումները, Արցախի էթնիկ զտումները, սահմանային անվտանգության և սահմանամերձ գյուղերի ու քաղաքների բնակչության իրավունքների խախտումները և այլն։

Նմանատիպ նյութեր