211652_close_icon
views-count586 դիտում article-date 15:11 20-03-2024

Դատախազությունը վերջին 6 ամիսներին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 24 մլն 657 հազար դոլարի գույք

Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք:

Այս մասին հայտնում է դատախազությունը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 46 մլն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 25 մլն 600 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 9 հազար քմ մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում՝
2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Արամայիսի Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար):

2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16 հազար 013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով:

Վերոնշյալ երկու գործերով Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի վերոնշյալ հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև կնախաձեռնվի 608 մլն 634 հազար դրամը պետական բյուջե փոխանցելու գործընթաց:

Ամփոփելով՝ նշենք, որ Գլխավոր դատախազության կողմից 2024 թվականի երկուսուկես ամիսների ընթացքում պետությանը վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 737 մլն 156 հազար դրամ (608 մլն 634 հազար դրամը՝ գումարի տեսքով), իսկ 2023 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում՝ ավելի քան 7.2 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր