211652_close_icon
views-count841 դիտում article-date 19:55 21-03-2024

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Երևանում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև մարտի 21-ին տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից՝ խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-նորվեգական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը,  միջխորհրդարանական կապերի զարգացումը: Ընդգծվել է  առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը նորվեգացի գործընկերներին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նմանատիպ նյութեր