211652_close_icon
views-count697 դիտում article-date 19:47 26-03-2024

ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ քննարկել է ընտրական օրենսդրության բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կայուն փոխգործակցության համար և բարձր գնահատել նախագծերի վերանայման շրջանակներում ձևավորված կառուցողական երկխոսությունը։

Կողմերը քննարկել են 2023թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել և իրացվել են նախագծերում։ Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության հետ համընդգրկուն քննարկումների արդյունքում՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ սերտ համագործակցությամբ։

Անդրադառնալով կարծիքում ներառված որոշ հիմնահարցերին, կողմերը քննարկել են գործող կարգավորումներն ու առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեցող անձանց ու կազմակերպությունների շրջանակի ընդլայնմանը, նախընտրական հիմնադրամներին գումարների փոխանցման կարգավորումներին, քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը և այլ բաղադրիչների։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը՝ ձևավորված արդյունավետ համագործակցության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքն ու դրա արդյունքները մանրամասն քննարկելու համար։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու կարծիքում ներկայացված սկզբունքային առաջարկների շուրջ երկխոսությունը։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում էին Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամներ՝ Օլիվեր Կասկը և Կատաինա Պաբելը, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ջասենը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական Համաձիրիպի Մունիքվան։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

Նմանատիպ նյութեր