211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:46 06-04-2024

Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։ 

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի գրասենյակից։

«Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա: 

ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ 

Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր