211652_close_icon
views-count1102 դիտում article-date 19:12 08-04-2024

Նիկոլ Փաշինյանի՝ գյումրեցի աջակցի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս ՆԳՆ նախարարության Շիրակի մարզային վարչությունը գրություն ու փաստաթղթեր է ուղարկել Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հանձնարարելով պարզել, թե օրինակա՞ն են արդյոք «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանի և կազմակերպության անդամների՝ «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարած ուսումնասիրությունները։

Ապրիլի 4-ին Կումայրի բաժնի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը․ «ՀՀ-ում գրանցված «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահի և կազմակերպության անդամների կողմից նախնական համաձայնությամբ կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում իրենց լիազորություններից, կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության շահերին:

Այսինքն «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ`Արտյոմ Սուրենի Թումանյանը կազմակերպության մի խումբ անդամների հետ, ներկայացնելով նշված կազմակերպությունը, չունենալով որևէ պետական մարմնի կողմից հաստատված ծրագիր կամ համապատասխան թույլտվություն ս/թ մարտի 11-ին այցելություն են կատարել «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ, որտեղ «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության անունից իրականացրել են վերահսկողական գործառույթ․ կատարել են ուսումնասիրություններ, որը չի բխում իրենց լիազորություններից կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից»:

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Արտյոմ Թումանյանից։

Վերջինս ասաց․ «Ես տեղյակ չեմ, չունեմ նման տվյալներ, իրավապահ մարմիններից ոչ մեկը չի կապվել իմ հետ «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի» հետ կապված։ Կճշտեմ ձեր ունեցած տեղեկությունը և առաջիկայում հանդես կգամ մամուլի ասուլիսով»։

Նշենք, որ Արտյոմ Թումանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է․ նա դեռ երեք տարի առաջ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, հանրահավաք էր հրավիրել։ Ավելին, նրա գլխավորությամբ 2021 թվականին հունվարի 25-ին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում փակվել էր հանդիպման եկող ընդդիմադիրներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի ու նրանց ուղեկցող անձանց մուտքը Գյումրի։

Նմանատիպ նյութեր