211652_close_icon
views-count83998 դիտում article-date 15:13 19-04-2024

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Մեր համբերության բաժակը լցվել է: Ստիպած ենք դիմում այս ծայրահեղ քայլին: Չգիտենք՝ որ կառույցին դիմենք. ում դիմում ենք մեր ականջներից լապշա են կախում ու հարցը չի լուծվում:

Ոռոգման ջրի համար միշտ էլ կանոնավոր վճարումները կատարել ենք, հիմա ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մեր հարցին հստակ պատասխան չտան»:

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը ու քանի որ ճանապարհը փակելու հետևանքով ավտոմեքենաների մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել, դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:  

Այս պահին ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որ ճանապարհը բացեն, սակայն արդյունք չկա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր