211652_close_icon
views-count127692 դիտում article-date 09:35 22-04-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 15-ամյա վարորդը, ում ծննդյան օրն է եղել, «BMW»-ով բախվել է «ԶԻԼ»-ին. ավտոմեքենաները հայտնվել են Ազատ գետում. «BMW»-ն կողաշրջվել է. կա 1 զոհ 1 վիրավոր. ոստիկանները կանխել են «վենդետան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ գետի մեջ: «BMW»-ն կողաշրջվել է:

Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդ Գագիկ Վ.-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից Հայկ Հ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական  վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները սովորում են Արտաշատի թիվ 1-ին դպրոցի 9-րդ դասարանում և նշելիս են եղել «BMW»-ի վարորդի ծննդյան օրը, իսկ հիվանդանոցում Արտաշատի ոստիկաններն ու պարեկները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կանխել են հաշվեհարդարը (վենդետան), քանի որ մահացած երեխայի բարեկամները փորձել են պարզաբանում և հաշվեհարդար տեսնել «BMW»-ի վարորդի հարազատների հետ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր