211652_close_icon
views-count787 դիտում article-date 20:47 23-04-2024

Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ապրիլի 23-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթության գծով խորհրդական Նորա Շաբանիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներառական կրթության համակարգի շարունակական բարեփոխումների գործընթացում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրին՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ նախարարությունն իրականացնում է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստում են հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումների արդյունավետությանը: Նա ընդգծել է հատկապես կրթության համակարգում համընդհանուր ներառականությանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միջազգային լավագույն փորձը Հայաստան բերելու և ադապտացնելու հնարավորությունների ստեղծման առումով լավագույն գործընկերներից է:

Նախարարի տեղակալի խոսքով՝ համընդհանուր ներառական համակարգը ներդրվել է հանրակրթական բոլոր դպրոցներում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ներկայում իրականացվում է ծրագիր, որը հնարավորություն կտա դպրոցներում առավել արդյունավետ մեթոդներով կազմակերպել հատուկ կարիքով երեխաների ներառման և ուսումնառության գործընթացը:

Խոսելով նախադպրոցական ոլորտի մասին՝ նախարարի տեղակալը փաստել է, որ նախադպրոցական ներառական կրթությունը պետության կողմից ներդրվել է վերջին տարիներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ մշակվել է գնահատման գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների կրթությունը կազմակերպել առավել արդյունավետ. «Պետության կողմից որոշակի քայլեր այս ուղղությամբ ևս իրականացվում են՝ հատկապես նախադպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման բարելավումը կարևորելով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Այս համատեքստում անդրադառնալով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացմանը՝ նա նշել է, որ բարեփոխումների շրջանակում հատուկ դպրոցները վերափոխվելու են ռեսուրս կենտրոնների, որոնք կտրամադրեն աջակցող ծառայություններ:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ այս առումով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության շրջանակում կարևոր են տարածքային կենտրոնների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հակիրճ անդրադարձել է նաև ՄԿՈւ ոլորտի բարեփոխումներն, որտեղ ևս ներառականությունը կարևոր ուղղություն է:

«Ներառման գործընթացը սկսում ենք նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որն ավելի բարդ է, քանի որ հայեցակարգային առումով տարբերվում է կրթական մյուս մակարդակներում իրականացվող ներառման գործընթացներից՝ հաշվի առնելով, որ խոսում ենք մասնագիտական կրթության մասին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ ներկայում մշակվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որտեղ ներառականությունն առանձնակի կարևորված է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթության գծով խորհրդական Նորա Շաբանին ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը գնահատել է դրական՝ ընդգծելով, որ բարեփոխումների արդյունքը գոհացուցիչ է, որը նաև հետագա համագործակցության ընդլայնման նախադրյալ է։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հետագա համագործակցության շարունակականությունը, անդրադարձ է եղել մի շարք ընթացիկ հարցերի:

Նմանատիպ նյութեր