211652_close_icon
views-count95316 դիտում article-date 23:23 01-05-2024

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ ոստիկաններն ու պարեկները կանխել են վարորդի նկատմամբ հաշվեհարդարը․ համագյուղացիները փորձում էին հրկիզել ավտոմեքենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Ախուրյանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել են ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը կանխվել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների կողմից։ Կարճ ժամանակում ոստիկաններն ու պարեկները իրավիճակը վերցրեցին իրենց վերահսկողության տակ, իսկ գյուղացիներն էլ արդարացիորեն բարձրաձայնում ու պատկան մարմիններից պահանջում էին, որ նշված մոտ 3 կմ-ոց հատվածում պարտադիր տեղադրվեն մի քանի արհեստական անհարթություններ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Երբ այս ճանապարհահատվածը քարուքանդ էր, ոչ մի վթար տեղի չէր ունենում։ Մոռացել էինք ավտովթարների մասին։ Բայց հենց ճանապարհը կապիտալ վերանորոգվեց, մեր ուրախությունը կարճ տևեց, քանի որ որոշ «վայ վարորդներ», «տանջում են գազի սեղմակը» ու դրանց «հաբրգած» քշելու պատճառով վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում։ Արդեն մահվան ելքով մի քանի դեպք է արձանագրվել ու ամեն անգամ դիմել ենք պատասխանատուներին, խնդրելով, որ էդ անտեր արհեստական անհարթություններից տեղադրեն, բայց ոչ մի օգուտ։ Վստահ ենք, եթե դա լիներ, էսօր էս մեր երեխան, որ երկու օր հետո պետք է իր ծննդյան օրը նշեր, ողջ կլիներ, սակայն հողին ենք հանձնելու ու իր ծննդյան օրը այցելելու ենք շիրմին։ Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները մարդ լինեն ու էդ արհեստական անհարթություններից տեղադրեն, թե չէ վթարների ու վրաերթերի պատճառով երանի ենք տալիս քարուքանդ ճանապարհին»։ 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում աշխատել է նաև փորձաքրեագետը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր