211652_close_icon
views-count1366 դիտում article-date 11:52 12-05-2024

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած դերակատարության վերաբերյալ:

Բացարձակապես չկիսելով շարժման կարգախոսներն ու նպատակները, մենք հավատարիմ և զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ խոսքի, մտքի և գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին: Սակայն և այնպես, չափազանց ցավալի և անընդունելի է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական պայքարի մեջ ներքաշվելն ու բացահայտորեն այդ շարժման հովանավորությունն ու առաջնորդությունը ստանձնելը: Ավելին, առաջին անգամ լինելով, սփյուռքի որոշ գաղթօջախների Էջմիածնա թեմի առաջնորդներ, ակնհայտորեն ուղղորդված՝ շարժման ի նպաստ զորակցական հայտարարություններ են հրապարակում, փաստորեն ներհայաստանյան անախորժ իրավիճակը անհարկի կերպով տեղափոխելով սփյուռք: Իսկ վերջինս սպառնալիք է ոչ միայն Եկեղեցու հեղինակության, այլ նաև սփյուռքի համայնքային համերաշխության ու անդորրին՝ իր ապագայի բոլոր բացասական հետևանքներով:

Որպես Մայր Աթոռ Ս. Էջմիածնին անվերապահորեն սատարած կուսակցություն, մենք ցավով ենք արձանագրում այն փաստը, որ համայն հայության հոգևոր և ազգային արժեքների հիմնասյունը՝ հայրենիքի համար ճակատագրական այս հանգրվանին, փոխանակ հանդիսանալու համայն հայությունը համախմբող և զորաշարժի ենթարկող ուժ, դարձել է իշխանափոխության հերթական փորձի մեղսակից:

Մյուս կողմից, մենք համոզված ենք, որ հակառակ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առերևույթ՝ Ադրբեջանի ի նպաստ մեկնարկին, մեկ կողմից ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և մյուս կողմից գոհացուցիչ այլընտրանքի բացակայության լույսի ներքո, խաղաղության նվազագույն նշույլի հեռանկարն անգամ նախընտրելի է նոր պատերազմից: Հնչակյան Կուսակցության անունից, մի անգամ ևս կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ՝ միասնաբար դիմագրավելու արտաքին վտանգներն ու մարտահրավերները:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

Նմանատիպ նյութեր