211652_close_icon
views-count1090 դիտում article-date 18:41 26-05-2024

Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման երրորդ ու վճռական փուլի մասին․ Բագրատ Սրբազան

Արդեն գրեթե երկու շաբաթից ավելի է, երբ մենք՝ «Տավուշն հանուն հայրենիքի», իսկ ժողղովրդի կողմից Սրբազան պայքար  անվանված շարժումը  հետևողականորեն, համբերատար, հստակ օրակարգով, վստահ ուղեգծով ընթանում է  դեպի բաղձալի ճշմարտության հաղթանակը, որը սարերի հետևում չէ, ավելին՝ շատ-շատ մոտ է։

Այս մասին Հանրապետության հրապարակի բեմահարթակից հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ցանկանում եմ հիշեցնել ու վերահաստատել, որ մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի, կեղծիքի, ատելության ու թշնամության դեմ, հանուն ճշմարտության, հաշտության և սիրո։ Իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային ու քաղաքակրթական  փոփոխության մասին է։

Մենք պարզապես ապրելու ու պետություն կառուցելու այլընտրանք չունենք։ Վերջին երկու շաբաթները ցույց տվեցին, որ մեր ազգը ապրում է փոփոխությունների սպասումով, նոր արթնացած հույսերով, որը մեր արտաքին ու ներքին թշնամիները կարծում էին, թե սպանել են։

Մենք հրապարակներում, փողոցներում, կրթական, գիտական, մշակութային կենտրոններում ականատեսը եղանք այն մեծ սիրո ալիքին, որը վկայում է, որ մեր ժողովուրդը ընդունել է այս շարժման օրակարգը  ու ցանկանում է փոխել այն դառը իրականությունը, որը ոչ թե իր ստեղծածն է, այլ արհեստական կերպով պարտադրվել է մեզ։  Սա մեր «մարած» շարժումն է, այս հրապարակը «մարած» շարժման մասին է խոսում, դեռ հազարավորներն են գալիս միանալու մեզ»,- ասաց նա։

Սրբազանը ընդգծեց, որ այսօրվա աղետի հետևանքով շատեը չեն կարողացել ներկա գտնվել հանրահավաքին։

«Այս հրապարակը վկայում է, որ այս շարժումը ոչ թե մարել է, այլ ավելի բյուրեղացել, նպատակային է դարձել, անկասկած այս շարժումը հասնելու է մեր ժողովրդի երազների ու իղձերի իրականացմանը։

Մեր ժողովուրդը կարիք ունի երկխոսության՝ իր ներկայի, գալիքի, ինքնության, իր կյանքի ու ինքն իր մասին։  Հակառակ այս ամենի՝ ի՞նչ ստացանք մենք՝ իշխանական ինքնաընդդիմացող  ու ինքնամերժող, ինքնաժխտող ստի, թշնամության մունետիկ ղեկավարի ու նրա մի քանի արբանյակների կողմից՝ հաշտության փոխարեն թշնամություն, սիրո փոխարեն ատելություն, ինքնամաքրվելու փոխարեն ցեխարձակում, օրհնության փոխարեն հայհոյանք, ճշմարտության փոխարեն սուտ։

Վերջին օրերին մենք տեսանք տարաբնույթ հալածանքներ մեր արցախցիների նկատմամբ, շարժմանը մասնակից գործարարների, բժիշկների  ու այն մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարել են «վախը»։

Իշխանական բոլոր թեզերին ձայնակցում են ադրբեջանական  ու թուրքական իշխանություննեի  քարոզչամեքենաները, կարծես՝ նույն աղբյուրից են հրահանգ ստացել։ Դժբախտաբար այս ընթացքում շարունակվեց սահմանագծման ու սահմանազատման անվան ներքո ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների հակաօրինական ու հակասահմանադրական հանցագործությունը։ Հակառակ դրան Կիրանցում մեզ ասացին՝ չնահանջեք, մենք ձեր մեջքին ենք»,- ասաց Սրբազանը։

Նրա խոսքով ներկա իշխանությունները փոխում են հայրենիքի բովանդակությունը։

«Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին ու այս ամենի հետևանքով հոգևոր Հայաստանը հաղթելու է  այս Հայաստանին, այս շարժումը ավետյաց երկիր ունենալու մասին է, իսկ այս ճանապարհի խոչընդոտն այսօրվա իշխանության ղեկավարն  իր չարժեքներով ու չինքնությամբ, հետևաբար նա պետք է հեռանա։

Այս հանրահավաքը ազդարարում է  մեր շարժման երրորդ ու վճառական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։  

Նմանատիպ նյութեր