211652_close_icon
views-count1093 դիտում article-date 19:26 27-05-2024

«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն այս օրերին ադրբեջանական մամուլի քննարկման գլխավոր թեմաներից է։ Հայաստանում կատարվող ներքաղաքական իրադարձություններին նրանք անդրադառնում են նույն հաճախականությամբ, ինչ մեր երկրում։

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բնութագրելիս՝ ադրբեջանական մամուլի բառամթերքն ու հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում հայկական իշխանական մամուլից։

«Ինձ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլի հռետորաբանությունը, բառամթերքը, որը իրենք օգտագործում են Բագրատ Սրբազանի և նրա գլխավորած շարժումը նկարագրելու, գրեթե նույնն է, ինչ Հայաստանի իշխանական մամուլի․ անձնական վիրավորանքներ, ծաղրանքի ենթարկել ու նմանատիպ այլ դրսևորումներ։ Մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի փաստ․ Հայաստանի գործող իշխանությունների և ադրբեջանական պաշտոնական մամուլի հռետորաբանությունը նույնն է։

Պաշտոնական եմ ասում, քանի որ Ադրբեջանում չկա ազատ մամուլ որպես այդպիսին։

Ինձ համար շատ հետաքրքիր էր ուսումնասիրել նաև ռուսական հայտնի վերլուծաբանների, քաղաքական մեկնաբանների վերաբերմունքը Բագրատ Սրբազանի շարժման մասին։ Նրանք այսպես ասած նավթախավիարային ներկայացուցիչներ են, Բաքվի լոբբիստական խմբի ներկայացուցիչներ են։ Օրինակ՝ Իգոր Կորոտչենկոն, որը բացարձակ չի թաքցնում, որ համագործակցում է պաշտոնական Բաքվի հետ և ռուսական ԶԼՄ-ներում տանում է ադրբեջանական գիծը, պաշտպանում է Ադրբեջանի բոլոր թեզերը, սպասարկում է այդ երկրի շահերը, Բագրատ Սրբազանի շարժումը մեկնաբանելիս՝ ամբողջությամբ կիրառում է նիկոլական մամուլի, նիկոլական վերլուծաբանների, Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ների բառամթերքը։ Զարմանալին և ամենավատը հենց դա է, որքան էլ մենք մեր ներքին խնդիրների պահով ունենայինք տարաձայնություններ, նախկին իշխանությունների օրոք երբեք չենք տեսել, որ ադրբեջանական մամուլը փորձեր ինչ-որ ձևաչափով մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները՝ բացահայտ պաշտպանելով հակառակորդ կողմերից որևէ մեկին։

Այս պարագայում մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի փաստ․ ադրբեջանական մամուլը 30 տարիների ընթացքում առաջին անգամ բացահայտ պաշտպանում է Հայաստանի գործող իշխանություններին՝ ընդդիմությանը պիտակավորելով նույն բառերով, ինչ նիկոլական մամուլը՝ Բագրատ Սրբազանին անվանելով կրեմլյան գործակալ, պիղծ, ժեխ և նմանատիպ այլ արտահայտություններով։ Նույնը իրեն երեկ թույլ էր տվել Կորոտչենկոն, նաև քաղաքական վերլուծաբան Մարկովը, որը ևս սպասարկում է Ադրբեջանի շահերը։

Նա էլ իր մեկնաբանություններում պաշտպանում է Հայաստանի գործող իշխանություններին։ Այստեղ հայ հասարակությունը իրեն հարց պիտի տա ու շատ մտահոգվի՝ ինչո՞ւ են պաշտոնական Բաքուն և Բաքվին սպասարկող, երրորդ երկրներում ապրող քաղաքական վերլուծաբանները պաշտպանում Հայաստանի իշխանություններին՝ վարկաբեկելով ընդդիմությանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր