211652_close_icon
views-count97265 դիտում article-date 20:32 02-06-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ԶԻԼ»-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ փրկարարները. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Սևաբերդ-Զառ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաներին։

Բժիշկները, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորների մեկը տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկն էլ Աբովյան բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածք սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Ասատրյանն ու կրտսեր պարեկ Արկադիա Գրիգորյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, ղեկը և գազաբալոնները կոտրվել ու շպրտվել են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր