211652_close_icon
views-count57730 դիտում article-date 12:51 10-06-2024

Հերթական ավտովթարը Երևանում՝ «մահաբեր» անունը ստացած կամրջի մոտ. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած հատվածում: Ժամը 00:20-ի սահմաններում Կիլիկյան նոր խճուղին «Հյուսիս-հարավ» մայրուղուն միացնող էստակադայի վրա «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղե ցանկապատին, ապա բետոնե պատին և մոտ 10 մետրից ավելի կամրջի վրայից ընկել ու գլխիվայր հայտնվել կամրջի տակով անցնող երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 18-ամյա Արթուր Հովհաննիսյանը, 19-ամյա Էրիկ Մանգասարյանն ու 20-ամյա Էդգար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նոյն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Վարդան Նիկոլյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում վերջին ժամանակահատվածում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, և օրեր առաջ էր, որ նույն վայրում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացան մայրն ու նրա անչափահաս որդին, իսկ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտն ու Երևանի քաղաքապետարանը գուցե հետևություններ անեն և խորհրդակցեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության մասնագետների հետ ու միջոցներ ձեռնարկեն՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, հակառակ դեպքում տվյալ վայրում ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական, վիճակագրությունը կավելանա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր