211652_close_icon
views-count1168 դիտում article-date 14:32 25-06-2024

«171 նոր ավտոբուսները գիծ կմտնեն ոչ թե սեպտեմբերից, այլ հունվարից». Գալջյան

171 նոր ավտոբուսները գիծ կմտնեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ հունվարի սկզբից:

Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Միասնական տոմսային համակարգը ևս պետք է ներդրվեր սեպտեմբերից։ Գալջյանը, սակայն, այսօր տեղեկացրեց, որ այդ համակարգը կներդրվի ավտոբուսների գիծ մտնելու օրը, իսկ հետաձգման պատճառները, ըստ նրա, տեխնիկական են։

Քաղաքապետարանը մարտին ընդունեց տրանսպորտի թանկացման ու միասնական տոմսային համակարգին անցնելու որոշումը։ Քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ տրանսպորտային նոր համակարգը հնարավոր չէ հին գներով շահագործել:

Ընդդիմությունը տոմսային համակարգի ընդունումը տրանսպորտի թանկացման նախագիծ է որակել:

Նշենք, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Քաղաքապետարանի գործակարգավարական վերջին նիստում տեղեկացրել էր, որ այդ ավտոբուսները Երևան կհասնեն սպասվածից ուշ՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին:

Նմանատիպ նյութեր