211652_close_icon
views-count1744 դիտում article-date 22:21 19-07-2024

ՔՊ-ն ճանապարհեց սկանդալների մեջ հայտնված Գյումրու ավագանու անդամներին․ ովքե՞ր են 5 նոր անդամները․ aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ տևական ժամանակ է՝ Գյումրիում լուրեր էին պտտվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է փոխել ավագանու որոշ անդամների։

Ըստ շրջանառվող լուրերի, դա մասնավորապես կապված է ավագանու ՔՊ-ական որոշ անդամների՝ քրեական պատմությունների մեջ ներգրավվելով։

Հիշեցնենք, որ ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ, իսկ Երվանդ Խանամիրյանն իր մտերիմ ընկերոջ՝ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանի կողմից նրա տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք հասցնելուն մասնակցություն ունենալու մեջ։ Ավագանու այս երկու անդամների դատական նիստերն այս պահին էլ ընթանում են։

Նշենք, որ հուլիսի 9-ին ավագանու անդամների փոփոխության հարցը քննարկվել է ՔՊ-ի վարչության հերթական նիստում։

Ինչպես տեղեկանում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի ՖԲ գրառումից․ «Վարչության հերթական նիստում քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։ Aravot.am-ին հասած տեղեկություններով, հենց այդ ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է գնալ փոփոխության՝ մեջբերելով սկանդալային պատմության մեջ հայտնված ավագանու անդամների օրինակը։ Իսկ հունիսի 11-ին արդեն իսկ դադարեցվել են հինգ անդամների լիազորությունները։

Ինչպես տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջից, դադարեցվել են Հարություն Նիկողոսյանի, Նիկոլայ Ղազարյանի, Հասմիկ Ստեփանյանի, Երվանդ Խանամիրյանի ու Աղասի Մաթևոսյանի լիազորությունները։ Քրգործերով անցնող ավագանու երկու անդամները կան հեռացողների շարքում,մյուսներն էլ առանձնապես չեն փայլել իրենց ակտիվությամբ։ Թե ինչու են այս անձինք հրաժարվել մանդատներից, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ օրենքի պահանջ չկա, որ նշեն պատճառը։ Այսօր արդեն ավագանու հինգ անդամների լիազորությունները դադարեցվել են և նշանակվել են նորերը։

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից, նրանց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Անժելա Գևորգի Մ․ Մաթոսյանին, Նարեկ Հովհաննես Բեգզադյանին, Վոլոդյա Գառնիկ Հակոբյանին, Հայկ Ստեփանի Ստեփանյանին և Պարգև Տիգրանի Գևորգյանին։ Նշենք, որ ավագանու նոր անդամներից մեկը Շիրակի մարզպետի օգնական Անժելա Մ․ Մաթոսյանն է, նրանց ցանկում է Գյումրու նախկին ՔՊ-ական փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանը, Civic.am կայքի լրագրող Վովա Հակոբյանը։

Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են վայր դրել մանդատները։ Ի դեպ, Քնարիկ Հարությունյանը չհաստատեց մեր այն տեղեկությունը, թե փոփոխությունը կապված է ավագանու որոշ անդամների՝ քրեական պատմությունների մեջ լինելով։ Նա ասաց՝ երկար ժամանակ է՝ ինչ նրանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված, հետևաբար և, եթե տեղեկությունը համապատասխաներ իրականությանը, այդ տրամաբանությամբ ավելի շուտ կքննարկեին նրանց՝ ավագանու ՔՊ խմբակցության մեջ մնալու-չմնալու հարցը։

«Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն հուշագիրը խզելուց հետո մենք հանդես ենք գալիս՝ որպես արմատական ընդդիմություն, որոշակի վերադասավորումներ են տեղի ունեցել , և սա կապված է մեր ընդդիմադիր գործունեության հետ, միտված է մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու»,- պարզաբանեց Քնարիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք որպես ընդդիմություն արդյունավետ են գործել, թույլ չեն եղել։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր