211652_close_icon
views-count82342 դիտում article-date 09:03 23-07-2024

Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավոր․ մինչ քննիչը կժամաներ դեպքի վայր՝ Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կասկածյալին ու հանցագործության գործիք հրազենը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության Աշտարակի  բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ․-ն է։

Տեղում ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ․-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն և մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են բավականին արնանման հետքեր, դրամապանակ, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գևորգ Ու․-ն։ 

Ոստիկանները Օշական գյուղի Ձախ-Ափ փողոցում հայտնաբերում են նրան և կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին։ Արդեն փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է կատարվածը, որից հետո ոստիկանության Աշտարակի բաժնից նրան ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, իսկ արդեն դեպքի վայրում կասկածյալի որդին հանցագործության գործիք հանդիսացող հրազենը վերցրել և թաքցրել էր իրենց տան հարակից հողամասում գտնվող թզենու ծառի տակ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը և մի քանի փամփուշտ՝ այդ թվում չկրակված։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարեն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր