211652_close_icon
views-count964 դիտում article-date 20:37 25-07-2024

Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են աշխատել սահմանամերձ շրջաններից իրենց զորքերի դուրսբերման վերաբերյալ

Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սուբրամանիամ Ջայշանկարի և նրա չինացի գործընկեր Վան Ին Լաոսում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են շտապ աշխատանք տանել սահմանային գոտուց զինվորական անձնակազմի արագ դուրսբերման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Վերջինիս մեջ ընդգծվել է, որ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները կենտրոնացած են եղել փաստացի վերահսկողության գծով մնացած հարցերի շուտափույթ լուծում գտնելու վրա՝ երկկողմ հարաբերությունները կայունացնելու և վերականգնելու նպատակով։

Հաղորդվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնել են կենտրոնացված և հրատապ աշխատանքի անհրաժեշտության մասին՝ ուժերի հնարավորինս շուտ ամբողջական դուրսբերման հասնելու ուղղությամբ։ 

«Սահմաններին խաղաղությունն ու անդորրը կարևոր են երկկողմ հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Հնդկաստանի ԱԳՆ-ը։

ԱԳՆ-ն հավելել է, որ կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն համապատասխան երկկողմ պայմանավորվածությունները, արձանագրությունները և երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արտգործնախարարները պայմանավորվել են, որ շուտով կկայանա հնդկա-չինական սահմանային հարցերի շուրջ խորհրդակցությունների և համակարգման աշխատանքային մեխանիզմի նիստը։

Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանազատված սահմանի բացակայությունը (երկրները բաժանված են փաստացի վերահսկողության գծով) լարվածության աղբյուր է եղել տասնամյակներ շարունակ: Պեկինի և Նյու Դելիի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2020 թվականի մայիսին, երբ արևելյան Լադախում հնդկական և չինական զորքերի միջև սկսել է առճակատում։ Ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում մի շարք բանակցություններից հետո Հնդկաստանը և Չինաստանը աստիճանաբար սկսել են զորքերի փոխադարձ դուրսբերումը սահմանի վիճելի տարածքներից:

Նմանատիպ նյութեր