211652_close_icon
views-count48094 դիտում article-date 10:20 29-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը «Volkswagen»-ով բախվել է երկաթե գովազդային վահանակին. նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցելՎայոց ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև փրկարարները դին մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իարականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Ռոման Թառոյանն ու կրտսեր պարեկ Կարեն Պողոսյանը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Ջերմուկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարնեը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր