211652_close_icon
views-count20063 դիտում article-date 17:13 02-08-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Քուչակ գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 66 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում` քարերի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:  

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր