211652_close_icon
views-count796 դիտում article-date 17:53 04-08-2024

Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ հրաժարվել

Կիպրոսի Հանրապետության նախագահը դրական է արձագանքել եռակողմ հանդիպման վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկին, իսկ  կղզու թուրքերի ղեկավարը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում դրա համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Kibris թերթը, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը՝ ի պատասխան եռակողմ հանդիպման հարցի, պնդել է, որ չի կարող խոսք լինել Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսման մասին՝ առանց թուրքական կողմի ինքնիշխան իրավահավասարության և հավասար միջազգային կարգավիճակի ամրագրման։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի կողմից եռակողմ հանդիպման հրավեր չի եղել։ Մենք ներկա պայմաններում եռակողմ հանդիպման կողմնակից չենք: Նման հանդիպման պատճառ չկա։ Մեր դիրքորոշումը, թե ինչ պայմաններով կարող են սկսվել բանակցությունները, հստակ է. բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ մեր ինքնիշխան իրավահավասարությունն ու հավասար միջազգային կարգավիճակը չեն գրանցվել»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 13-ին իրեն հրավիրել է եռակողմ հանդիպման նախագահ Էրսին Թաթարի հետ և ինքն ընդունել է այն, հայտնում է Cyprus-mail-ը։
Կիպրոսի նախագահը հույս է հայտնել, որ թուրքական կողմից նույնպես դրական արձագանք կլինի հանդիպման առաջարկին, որը կբերի դրական արդյունքների, այդ թվում՝ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման:

Խրիստոդուլիդեսի խոսքով՝ կղզում առկա ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, քանի որ իր հիմնական մտահոգությունը օկուպացիայի ավարտն է, երկրի ազատագրումն ու վերամիավորումը:
Ըստ Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ մեծ աշխատանք է տարվում  իրենց կողմից ճեղքելու այն փակուղին, որում հայտնվել է Կիպրոսի խնդրի կարգավորումը 2017 թվականին Կրան-Մոնտանայում բանակցային գործընթացի խաթարումից հետո: 

Կիպրոսը երկու մասերի բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից հետո: Ռազմական գործողությունների արդյունքում Կիպրոսի տարածքի մի մասն անցավ Թուրքիայի վերահսկողության տակ, որի վրա ձևավորվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։ 
Կղզու հարավային մասը՝ բնակեցված հիմնականում հույն ազգաբնակչությամբ, մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։

Հուլիսի 20-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ՝ իր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Կիպրոսի Հանրապետությանը՝ հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում:
«Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,- ասված էր դեսպանության հաղոդրագորության մեջ:

Նմանատիպ նյութեր