211652_close_icon
views-count93593 դիտում article-date 16:53 12-08-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. 30-ամյա մոտոցիկլավարը Մյասնիկյան պողոտայում բախվել է բաժանարար բազալտե եզրաքարերին ու կողաշրջված հայտնվել հանդիպակաց գոտում. բժիշկները արձանագրել են նրա մահը. տեսախցիկը ֆիքսել է վթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկնրերի հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր