211652_close_icon
views-count44977 դիտում article-date 19:40 22-08-2024

Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում մոտոցիկլի և «Opel»-ի մասնակցությամբ ողբերգական վթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում մոտոցիկլի և «Opel»-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական պատահարից:  

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության էին հասել Ջրվեժ անտառապարկի պետ Գարեգին Բաղդասարյանը և անտառապարկի աշխատակից Վահան Սաղաթելյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից որոշ ժամանակ անց ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին, և հայտնել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:  

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որ արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական պատահարը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ օգոստոսի 22-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Ջրվեժի անտառի պարկի դիմաց բախվել էին Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մակնիշի մոտոցիկլը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Տարածքը պարեկները սահմանազատել էին:  

Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ մոտոցիկլավարը մահացել է:
 
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Սերոժ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր