211652_close_icon
views-count709 դիտում article-date 09:24 27-08-2024

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովակիմի և Աննայի` Ս. Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովակիմի և Աննայի` Ս. Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում:

Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ:շ

Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:

Նմանատիպ նյութեր