211652_close_icon
views-count847 դիտում article-date 18:08 02-09-2024

Գրադարանի կրթամշակութային ամառային ճամբարը` երեխաների զարգացման և հանգստի միջավայր

Գրադարանի կրթամշակութային ամառային ճամբարը` երեխաների զարգացման և հանգստի միջավայր
Հունիսի 3-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել էր «Գրքերի աշխարհում» խորագրով կրթամշակութային ամառային ճամբարը:

Տարբեր երկրների հայ երեխաները` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարկի ներքո

Գրադարանի ամառային ճամբարն իր շուրջն էր համախմբել հայ մանուկներին` աշխարհի տարբեր երկրներից: Մայրաքաղաքից ու մարզերից ժամանած 6-12 տարեկան երեխաներին միացել էին այս տարի Հայաստանում ամռան արձակուրդներն անցկացնելու եկած երեխաները` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից և Իսպանիայից: Ամռան երեք ամիսների ընթացքում գրադարանային ճամբարին են միացել շուրջ 90 երեխա, իսկ հաճախումների թիվը կազմել է շուրջ 500: 

Նոր գիտելիքներ, նոր ընկերներ 

Կրթամշակութային առօրյայով հագեցած եռամսյա ճամբարը հնարավորություն է տվել երեխաներին ամառային արձակուրդներն անցկացնել արդյունավետ, ուսուցանող, հետաքրքիր և ուրախ միջավայրում:
Այստեղ երեխաները ձեռք են բերել նոր գիտելիքներ ու ընկերներ: 

Գրքեր, քննարկումներ, լեզուների ուսուցում, էթիկայի դասեր                                        

Ճամբարի ծրագրի հիմնական շեշտադրումը գիրքն ու ընթերցանությունն էր։ Զուգահեռաբար տեղի են ունեցել տարբեր գրքերի շուրջ քննարկումներ, որոնք միտված էին երեխաների վերլուծական, քննադատական մտքի զարգացմանն ու գրականության հանդեպ հետաքրքրության սերմանմանը: Երեխաները մասնակցել են նաև տարբեր դասընթացների ու միջոցառումների, ինտերակտիվ դասընթացների միջոցով զարգացրել են ռուսերենի և անգլերենի իմացության մակարդակը: Զարգացնող, ինտելեկտուալ խաղերի միջոցով մարզել են միտքը, ինչպես նաև սովորել էթիկայի կանոնները:

Աշխարհաճանաչողություն

Շրջապատող միջավայրը, աշխարհն առավել լավ ճանաչելու, հետաքրքիր և կարևոր փաստեր իմանալու նպատակով` երեխաների համար անցկացվել են «Ես և շրջակա միջավայրը», «Աշխարհի շուրջ» թեմատիկ դասերը: Զրույցների միջոցով ընդլայնվել են երեխաների աշխարհայացքն ու մտահորիզոնը:

Հաղորդակցվել են արվեստի տարբեր ճյուղերին

«Արվեստի ժամ» դասի շրջանակում երեխաները զբաղվել են նկարչությամբ, երաժշտությամբ, թատերական արվեստով, ձեռագործությամբ, ասեղնագործությամբ, դիտել մուլտֆիլմեր, զարգացրել ստեղծագործական հմտությունները։ Հեքիաթապատման դասերի ընթացքում ճամբարականները հեքիաթներ են ընթերցել և ստեղծել դրանց պատկերազարդումները։ Նկարչության դասընթացների արդյունքում էլ ճամբարի մասնակիցները ստեղծել են հետաքրքիր աշխատանքներ: Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են գրադարանի ցուցասրահում, այնուհետև համատեղ քննարկել են նկարչական աշխատանքների առանձնահատկություններն ու կիրառված տեխնիկաները։ 

Նախավարժանք, բակային խաղեր, շախմատ 

Երեխաների համակողմանի զարգացման անհրաժեշտ պայմաններից է ֆիզիկական ակտիվությունը: Այս համատեքստում ամառային ճամբարի առօրյայի կարևոր բաղադրիչներից էին նախավարժանքը, բակային աշխույժ, ուրախ խաղերը, հետաքրքիր և կենտրոնացում պահանջող շախմատի դասերը:

Այցելություններ մշակութային հաստատություններ

Ամառային ճամբարի ընթացքում երեխաներն այցելել են նաև մշակութային հաստատություններ, այդ թվում` Պատանի հանդիսատեսի թատրոն, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Գեղագիտական զարգացմանը զուգահեռ երեխաները ծանոթացել են նաև մշակութային հաստատություններ այցելելու վարքականոններին:

Ամառային հանգիստը` գրքերի աշխարհում

Հատկանշական է, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված ամառային ճամբարը երեխաների համար դարձել է եզակի հնարավորություն ամառն անցկացնելու գրքերի աշխարհում` հետաքրքիր, ուրախ, ուսուցանող, ստեղծագործական միջավայրում:

Հավելենք, որ դպրոցական՝ աշնանային և գարնանային, արձակուրդներին ևս նախատեսվում են անցկացնել «Գրքերի աշխարհում» խորագիրը կրող կրթամշակութային ճամբարներ:

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր