211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:30 04-10-2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար:

ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ու կարեւորել համատեղ աշխատանքը: Բնագավառի կայուն զարգացման հարցում Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել կրթության եւ գիտության զարգացման ուղղությամբ կատարվող ներդրումները:

Անդրադարձ է եղել ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, պետական պաշտոնյաների եւ սփյուռքի ներուժի ներգրավումը: Այս համատեքստում ներկայացվել է խորհրդի գործադիր կոմիտեի կատարած աշխատանքը:

Պանելային քննարկման բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին, անդրադարձել Հայաստանում կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի աջակցմանն ուղղված նոր նախաձեռնություններին, խոսել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից, ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներից ու մարտահրավերներից: Ընդգծվել է, որ Հայաստանում կայուն էկոհամակարգի ձեւավորումն առաջնահերթություն է:

Հայաստանում հոկտեմբերի 4-6-ն անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեքը»:

Հանրությունը հնարավորություն ունի մեկ հարթակում տեսնելու եւ ծանոթանալու տեխնոլոգիական ընկերություններին ու վերջիններիս զարգացումներին: «ԴիջիԹեքին» ներկայացված են մի շարք հայտնի եւ առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից:

Նմանատիպ նյութեր