211652_close_icon
views-count58086 դիտում article-date 22:29 04-10-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Արևաբաց ընտանեկան միջավայր» ռեստորանի դիմաց բախվել են նախկին դատախազի «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Մարսել Կարապետյանի վարած «Lexus» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Համլետ Իսպիրյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցներն, ու ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են «Opel»-ի գազաբալոնից գազի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները 2 վարորդներն են, իսկ վթարի մեղավորը «Lexus»-ի վարորդն է եղել, ով փորձել է մտնել «Արևաբաց ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի  մոտ, վթարային իրավիճակ է ստեղծել  դեպի Երևան ընթացող ավտոմեքենաների վարորդների համար, այդ թվում՝ «Opel Zafira»-ի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ «Lexus»-ի վարորդը ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակից է եղել։ Հավաքվածներն էլ կասկած էին հայտնում, որ նա եղել է ոչ սթափ։ Այդ տեղեկությունը քննչական բաժնում պարզվում  է, ինչի համար էլ քննիչը հիվանդանոցում պահանջել է, որպեսզի  վարորդներից վերցնեն արյան նմուշ կամ էլ հանձնեն սթափության թեստ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր