211652_close_icon
views-count43424 դիտում article-date 20:01 23-10-2024

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը․ վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց, օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն։

Օպերատիվորեն ժանանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից  տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է դեպքի փաստով փաստաթղթեր ձևակերպվեն Պարեկային ծառայությունում, այլ ոչ թե քննչական բաժնում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր