211652_close_icon
views-count28935 դիտում article-date 18:31 26-10-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Volkswagen»-ը Ծաղկաձորի ճանապարհին կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և հայտնվել դաշտում. բժիշկները պայքարում են հարազատ եղբայրների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառելն Բաղյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վ. Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր