211652_close_icon
views-count1348 դիտում article-date 21:33 29-10-2024

Ապահովելով ինստիտուցիոնալ գործիքակազմ՝ ներդնել վատ վերաբերմունքի առերևույթ դեպքերի արձանագրման նոր մեխանիզմ. անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Հոկտեմբերի 25-26-ը Հանքավանում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ կազմակերպած վերապատրաստման երկօրյա դասընթաց, որի նպատակն էր, Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափանիշներին համապատասխան, զարգացնել ՆԳ նախարարության աշխատակիցների կարողությունները և կանխարգելել ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը: Դասընթացի նպատակն էր նաև ապահովել ինստիտուցիոնալ գործիքակազմ՝ ներդնելով վատ վերաբերմունքի առերևույթ դեպքերի արձանագրման նոր մեխանիզմ:

Վերապատրաստմանը մասնակցել են ՆԳՆ և Ոստիկանության ներկայացուցիչներ, ԵԽ ազգային փորձագետներ:

Ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանն ընդգծել է մասնակիցներին միջազգային չափորոշիչների վերաբերյալ գիտելիքների՝ հատկապես փոխանցման կարևորությունը, ինչի արդյունքում աշխատակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ ու համապատասխան հմտություններ:

«Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվում է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը, որի շրջանակում փորձում ենք աջակցել ՆԳ նախարարությանը՝ օրենսդրական դաշտը, ինչպես նաև ձերբակալված անձանց պահման վայրերի աշխատակիցների կարողությունները բարելավելու համար»,-ասում է ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը։

Ակտիվ հարցուպատասխան, տարբեր տեսակետների շուրջ քննարկում, փորձի փոխանակում և, ի վերջո, արդյունավետ փոխգործակցություն. երկօրյա դասընթացներն ընթացան այսպիսի մթնոլորտում: Տեսական գիտելիքներից մինչև հնարավոր դեպքերի շուրջ քննարկում, տեղական ու միջազգային չափանիշների, խոցելի խմբերի հետ աշխատանքի և այլ թեմաներին ծանոթացումը դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտա գործնականում նոր մոտեցում ցուցաբերել:

ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ՀԾՎ ՁՊՎ և ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքների իրականացման և համակարգման բաժնի աշխատակից Արմենուհի Արշակյանի խոսքով՝ բարեփոխումների շրջանակներում շատ կարևոր են միջազգային փորձի և միջազգային մասնագետների ներկայությունն ու աջակցությունը։

Վերապատրաստումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր