211652_close_icon
views-count86494 դիտում article-date 10:17 02-11-2024

Ողբերգական ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ բախվել են «ԻԺ»-ն ու «Opel Astra»-ն․ վերջինն էլ բախվել է ծառին և բռնկվել․ «Opel»-ը վերածվել է մոխրակույտի, «ԻԺ»-ը՝ մետաղե ջարդոնի․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում, Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Opel Astra» մակնիշի և «ԻԺ» (բուդկա Մոսկվիչ) մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Astra»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել։ Բախման հետևանքով «Մոսկվիչը» ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի հատվածը պոկվել ու շպրտվել է մոտ 60 մետր։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, նրանք վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, քաղաքացիների օգնությամբ վիրավորին տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենան, որից հետո պարեկները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարար ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երկրորդ վիրավորին նույնպես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Եթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տարոն Բարսեղյանն ու Արման Խաչիկյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիակնության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին,որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Ոստկիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարոդի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր