211652_close_icon
views-count24452 դիտում article-date 16:33 10-11-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ․ ժամանել են քրեական ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնակատարը, Մաշտոցի բաժնի պետը, օպերատիվ գծով տեղակալն ու քննչականի պետը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։

Դեպքի մասին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, ինչից հետո հիվանդանոց են ժամանել նաև քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր