211652_close_icon
views-count84719 դիտում article-date 16:16 12-11-2024

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են «Mercedes»-ն ու առանց հաշվառման համարանիշի «ԳԱԶ 52» բեռնատարը. «Mercedes»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել սյուներից 2-ը, ինչի հետևանքով երկաթե արգելապատնեշը մխրճվել է ավտոմեքենայի մեջ: 

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է: 

Բախման հետևանքով «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներից՝ 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժորա Կիրակոսյանն ու Արման Բադալյանը:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լևոն Նազարյանի և Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր