211652_close_icon
views-count45460 դիտում article-date 12:05 24-11-2024

Առեղծվածային խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» ավտոտնակում․ պաշտոնյային պատկանող 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կան կայանված ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ 

Պարզվել է, որ այրվել են Անահիտ Գ․-ի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ «Lexus»-ներից մեկը ամբողջությամբ այրվել է, մյուսն էլ դարձել է ոչ շահագործելի։ Այրվել են նաև կենցաղային իրեր, պատուհաններ և ջերմահարվել են ավտոտնակի պատերը։ Բնակիչների ու հրշեջների աշխատանքի շնորհիվ հարևան տներ կրակի տարածումը կանխվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոտնակը, որում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, պատկանում է Նոր Արեշում հայտնի «Սամիկոյին», ով Նոր Արեշում հայտնի գարեջրատներից մեկի սեփականատերն է, իսկ նրա տղան՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, այս տարի հուլիսի 9-ին Երևանում Էրեբունի փողոցում «Քաղաքացիացական պայմանագիր» կուսակցության մոտ կրակել է և հրազենային վնասվածք էր պատճառել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ին, իսկ ավտոմեքենաները Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարորդինն են և այդ ավտոմեքենաները Միացյալ նահանգներից էին ներմուծվել Հայաստան։ Այս վերջին տեղեկությունը ոստիկանները պարզում են և հնարավոր է դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 9-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյան և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված 2 պարկուճ։

Մինչ դեպքի վայրը սահմանազատել էին պարեկները, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ պարզել էին, որ դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոն էին մեկնել համայնքային ոստիկաններ Արտյոմ Պետրոսյանն ու Վաչագան Մանուկյանը, ովքեր պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վիրահատարանում։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Գալստյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Մելքոնյանի գլխավորությամբ։Ժամանել էր նաև փորձաքրեագետը, ով այդ պահին քննիչի հետ դեպքի վայրի զննություն էր կատարում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել էին, ում մոտ էր եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր