211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:10 25-11-2024

Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել 2024 թվականին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած տնտեսավարողների գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հարթակում։

Աջակցությունը տրամադրվելու է այն տնտեսավարողներին, որոնց գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100%, և որոնց վարկային մնացորդը 5 մլն դրամից ավելի է։ 
Սուբսիդավորումն իրականացվելու է միայն այն վարկերի տոկոսադրույքների համար, որոնք նպատակային օգտագործվել են գյուղատնտեսության ոլորտում։

Սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները՝ 6 տոկոսային կետով, առավելագույնը 6 ամիս ժամկետով։ 
Դիմումի գործընթացն իրականացվելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ վարկատու ֆինանսական կառույցների միջոցով։

Սուբսիդավորման գործընթացը կսկսվի 2025 թվականի հունվարից, իսկ վերջին հայտը կներկայացվի 2025 թվականի մայիսին։

Ծրագրում չեն ընդգրկվի այն վարկերը, որոնք սուբսիդավորվում են այլ պետական աջակցության ծրագրերով, տնտեսավարողներին, որոնք արդեն աջակցություն են ստացել կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց։

Ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսավորումը, որը կկազմի շուրջ 50 մլն դրամ, կտրամադրվի 2025 թվականի պետական բյուջեից՝ Էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։

Նմանատիպ նյութեր