211652_close_icon
views-count1294 դիտում article-date 21:06 02-12-2024

Ռումինիայի Հայոց Միությունը կրկին հաղթահարում է ընտրական շեմը և մանդատ է ստանում երկրի խորհրդարանում

Ռումինիայում 2024թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ռումինիայի Հայոց Միությունն (ՌՀՄ), ըստ նախնական արդյունքների, ստացել է 4748 քվե և հաղթահարել ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը։ 

Ընտրությունների արդյունքում նորընտիր խորհրդարանում ՌՀՄ-ն կունենա մեկ մանդատ, որը կտրվի ցուցակը գլխավորող Վարուժան Փամբուկչյանին։ Վերջինս ՌՀՄ փոխնախագահն է, կազմակերպության անփոփոխ պատգամավորն է 1996 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած և արդեն ութերորդ անգամ կներկայացնի ռումինահայ համայնքը երկրի խորհրդարանում։ 

Հատկանշական է, որ քվեների մի զգալի մասը ՌՀՄ-ն ստանում է ոչ հայերի կողմից. չնայած համայնքը բազմադարյա պատմություն ունի․ հայկական ինքնություն կրող հայերի թիվը բավականին փոքր է, իսկ Փամբուկչյանը, բացի համայնքին վերաբերող հարցերից, շարունակում է զբաղվել մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններով։ Դրա արդյունքում նախորդ ընտրություններում ՌՀՄ-ն բազմաթիվ քվեներ է ստացել բարձրագույն տեխնոլոգիաների (IT), իսկ այս ընտրություններում՝ գյուղատնտեսական ոլորտների ներկայացուցիչների կողմից։

Ռումինիայի Հայոց Միությանը քվեարկել են Ռումինիայի բոլոր մարզերում։ Ամենաշատ քվեները ՌՀՄ-ն ստացել է հետևյալ մարզերում. Բակըու (419), մայրաքաղաք Բուխարեստ (398), Կոնստանցա (189), Տիմիշ (180), Հարգիտա (174), Մարամուրեշ (172), Սուչավա (162)։

Ինչ վերաբերում է ռումինական քաղաքական ուժերին, ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ քվեների անգամ 25 տոկոսը, ինչի արդյունքում Խորհրդարանի երկու պալատներ կանցնեն յոթ քաղաքական ուժեր։  
Վարուժան Փամբուկչյանը 1996 թվականից գլխավորում է Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունը, ինչն աննախադեպ երևույթ է Ռումինիայի խորհրդարանական պատմության մեջ։ Ավանդաբար, նա կամ գլխավորում է Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խումբը, կամ անդամակցում է դրան։

Արսեն Արզումանյան
«Արարատ» ամսագիր, Բուխարեստ

Նմանատիպ նյութեր