211652_close_icon
views-count60963 դիտում article-date 14:05 13-12-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գուարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույց ճանապարհն ու մառախուղը, իսկ «UAZ»-ի վրա տեղադրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, ու մինչ պարեկների ժամանումը համարանիշները ավտոմեքենայի վրայից հանել էին:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գալուստ Էրոյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնից, քանի որ «UAZ»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «UAZ»-ը, որի անվադողերն էլ ոչ ձմեռային էին, սակայն «UAZ»-ի վարորդն ասում է, որ ինքը մեղավոր չէ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր