211652_close_icon
views-count61233 դիտում article-date 12:39 14-12-2024

Երևանում քննիչներն ու ոստիկանները հայտնաբերել են «Porsche Cayenne»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթար-վրաերթի վարորդին․ նա եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մ․ Փիրումյանը ենթարկվել է սթափության փորձաքննության , եղել է ոչ սթափ։ 
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի տեխնիկայի գծով տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Տեղում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր