211652_close_icon
views-count25544 դիտում article-date 12:48 25-12-2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանի խորհրդակցության հետքերով. Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք. ժամանել են քննիչն ու սակրավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը օրերս ոստիկանության բաժինների պետերի հետ խորհրդակցության ժամանակ նրանց է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հերթական հանձնարարականը, որ համայնքային ոստիկանները պետք է շարունակեն քաղաքացիների հետ բացատրական աշխատանքները, որպեսզի այն քաղաքացիները,ովքեր իրենց մոտ ունեն ապօրինի զենք-զինամթերք, ինքնակամ ներկայացնեն տարածքային բաժիններ:

Կ. Հակոբանը հայտնել է նաև, որ քաղաքացիներին պետք է տեղեկացնել նաև, որ ովքեր իրենց մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքներ կհանձնեն իրավապահներին և կպարզվի, որ այդ զենք-զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:  

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ մի քաղաքացի ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ այդ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմից հետո մեծ քանակի զենք-զինամթերք է բերել և այն թողնում է Մառի փողոցում գտնվող քանդած շինությունում:  

Տեղում բաժնի պետի գլխավորությամբ 10-ից ավելի համայնքային ոստիկաններ մեկնում են Մառի փողոց ու քանի որ հստակ տեղը քաղաքացին չէր հայտնել, ոստիկանները մոտ 1 ժամից ավելի որոնողական աշխատանքներ են կատարում ու նշված փողոցի 13/4 հասցեի հարևանությամբ գտնվող քանդած շինության տարածքում հայտնաբերում են կասկածելի պարկը:  

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ:

Քննիչի ահազանգով՝ դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության ՔՊՈՒՀԿ-ի ինժեներա-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը՝ ավագ ենթասպա Հակոբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանում նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Փրկարարները, ոստիկաններն ու քննիչը փորձագետի հետ հատնաբերել և նույնականացրել են մեկ միավոր ակոսափող հրացան, 6 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 1 փամփուշտի շղթա, 1 միավոր М-50ПЗ նռնակ, 1 միավոր նռնակի պայթուցիչ - УЗГМ, 12 դետոնատոր, 1 միավոր ատրճանակի նմանվող առարկա, 18 միավոր տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Հայտնաբերված զինամթերքը եղել է տրանսպորտային վիճակում և տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր