211652_close_icon
views-count11053 դիտում article-date 18:03 26-12-2024

Աշտարակի քաղաքապետի օպերատիվ արձագանքը չուշացավ. հայտնաբերվել է Նոր Երզնկա ցուցանակն ու վթարներով հարուստ ճանապարհն իրենով անող քաղաքացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի ավտովթարներով հարուստ՝ Աշտարակից դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածի Մ6 ճանապարհի՝ Նոր Երզնկա կամարի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձի կամ անձանց կողմից ճանապարհի ընդհանուր հատվածի ահագին մաս զավթելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հանձնարակականով նշված վայր են ժամանել Աշտարակի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ովքեր պարզել էին, որ շինարարությունը ապօրինի է, և նրանք կանխել էին հետագա շինարարական աշխատանքները:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աշտարակի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել է վարույթ և արդեն հայտնաբերել են կառուցապատողին, ում պարտավորեցրել են կարճ ժամանակում իր կողմից արված բետոններն ու սյուներն ապամոնտաժել ու ճանապարհը բերել նախկին տեսքին:  

Ողջունելի է, որ Աշտարակի քաղաքապետը բավականին օպերատիվ արձագանքեց հրապարակմանը ու վերացնել տվեց ապօրինի կառույցի հետագա շինարարական աշխատանքները:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակից դեպի Եղվարդ տանող հատվածում՝ Մ6 ճանապարհին՝ Նոր Երզնկա կամարի մոտ հաճախակի էին տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, ու ամեն անգամ պատասխանատուները խոստանում էին, որ խնդիրը կլուծեն, որի մեջ էր մտնում նաև ճանապարհի լայնացումը, մինչդեռ արդեն ականատես ենք լինում, որ ճանապարհի լայնացման փոխարեն այն ինչ-որ անձի կողմից բետոնապատվել էր, դրվել էին երկաթե սյուներ ու այդ ամենը ոչ ավել, ոչ պակաս՝ ճանապարհի հաշվին, մինչդեռ մասնագետները նշում էին, որ նման տեղերում շենք-շինություններ կառուցելու համար պետք էր տարածքը 17 մետր հեռավորության վրա լինի, սակայն այս պարագայում, ինչպես ժողովուրդն է ասում «խիարը թարս է բուսնել»:

Արդյոք Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղյակ է եղել, որ իր ղեկավարած մարզի վտանգավոր ճանապարհներից մեկի հատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու փոխարեն էլ ավելի վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել:  

Միթե մարզպետը տեղյակ չէր, որ ճանապարհաշինարարական աշխատանքները վերջին տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հսկողության տակ են և որ հենց Կառավարության օժանդակությամբ է, որ Հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ էին վերանորոգվել, ստեղծվել նորերը, իսկ իր ղեկավարած մարզում վտանգավոր ճանապարհներից մեկում լրիվ սարքել էին «աջափսանդալ»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի համապատասխան վարչությունից ժամանել էին դեպքի վայր ու պարզել, որ այն ապօրինի է ու արդեն ձեռնամուխ էին եղել գործին հետագայում իրավական ընթացք տալու համար:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր