211652_close_icon
views-count949 դիտում article-date 13:50 31-12-2024

Ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր՝ արտահայտված նրա մասնակից հայ ժողովրդի գիտակից մասի` ազգային շահերը պաշտպանելու գործողություններով. Սեյրան Օհանյան

Սիրելի՛ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում 2024 թվականը, որն անցավ մի կողմից՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջական հայաթափումից հետո հոգեբանական իրավիճակի, Արցախի սուբյեկտայնության պահպանման, Արցախի ժողովրդի կողմից ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների ազատության համար մղվող պայքարի, բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու,
մյուս կողմից՝ խաղաղության կեղծ օրակարգով պայմանավորված՝ Ադրբեջանից Հայաստանին պարտադրվող սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացների, բազմապիսի ճնշումների ու պատժամիջոցների փորձի,

և ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների ընդունած հակապետական ու ազգակործան կեցվածքի, միակողմանի զիջումների, պարտվողական քաղաքականության պայմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Անկասկած, ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր՝ արտահայտված նրա մասնակից և աջակցող հայ ժողովրդի գիտակից մասի` ազգային շահերը պաշտպանելու գործողություններով։
Եվ ակնհայտ է, որ 2025 թվականը նույնպես բարդ զարգացումներ է խոստանում։ Սակայն դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերներին մենք կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից, որովհետև ովքեր դասեր են քաղում իրենց անցյալից, նրանք են հասնում հաջողությունների։

Մեր ընդունած հարվածներից գոտեպնդվենք, որովհետև որքան մեզ հարվածել են, այնքան մենք դարձել ենք ավելի ամուր, ավելի տոկուն․ դա վկայում է պատմությունը։

Շնորհավորելով բոլորիս Ամանորի կապակցությամբ` առողջություն, ընտանեկան երջանկություն և, ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր