211652_close_icon
views-count54236 դիտում article-date 18:44 05-01-2025

Արագածոտնի պարեկները իրականացրել են «Կոշի գաղութում հաշվառված Ձմեռ պապին բռնել մինչև ձնհալը» օպերացիան. Թալինում հայտնաբերել են նրան ու առաքիչին պատկանող՝ առևանգված «ՎԱԶ 2107»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել են «Կոշի գաղութում հաշվառված Ձմեռ պապին բռնել մինչև ձնհալը» անունը կրող օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2024 թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Լևոն Ա.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 17:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայից առևանգել են իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում Լևոն Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը առաքիչ է և առաքման ծառայություն մատուցելու նպատակով է ավտոմեքենան կայանել Կոմիտասի պողոտայում, իսկ ավտոմեքենայի մեջ՝ սրահում, եղել են վճարային տերմինալ, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բանկային քարտեր և այլ իրեր։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքի շնորհիվ ճշտվում է ենթադրյալ ավտոմեքենան
 առևանգողի ինքնությունը և պարզվում է, որ նա ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 57-ամյա Վարազդատ Հ.-ն է

Նրան հայտնաբերելու համար ոստիկանության Արաբկիրի բաժնից Երևանի և մարզերի ոստիկանության բաժիններ տեղեկություն է փոխանցվում։

Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նշված ավտոմեքենան գտնվում է Թալին քաղաքում։

Տեղում պարեկներն իրականացնում են «Կոշի գաղութում հաշվառված Ձմեռ պապին բռնել մինչև ձնհալը» օպերացիան ու մեկնելով Թալին քաղաք՝ Գայի փողոցում նկատում են նշված ավտոմեքենան։

Պարեկները որոշ ժամանակ դարանակալում են, մինչև կասկածյալը մոտենում է ավտոմեքենային ու երբ նստում է ավտոմեքենան, որպեսզի շարժիչը միացնի, պարեկները վնասազերծում են նրան, ապա հիմնավոր կասկածանքով բերման ենթարկում և տեղափոխում ոստիկանության Թալինի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարազդատ Հ.-ն 2024 սեպտեմբերի 9-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Տարոնի բաժնի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ: Ու արդեն ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը և նրան տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր