211652_close_icon
views-count61071 դիտում article-date 17:06 06-01-2025

Վիճաբանություն Լոռու մարզում․ Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր․ ժամանել են Լոռու քրեական և քննչական վարչության պետերը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից էլ 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, ով գտնվել է շոկային վիճակում։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ  հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր