211652_close_icon
views-count5910 դիտում article-date 17:41 15-01-2025

Արտառոց դեպք՝ Երևանում. տանտերը տեսախցիկների միջոցով նկատել է, որ իր տուն գող է մտել, հայտնել է ոստիկանություն, ու տեսնելով, որ ոստիկանությունը 1 ժամից ավելի է՝ չի բարեհաճում, փեսային է տեղեկացրել, ով էլ բարեկամների հետ բռնել է գողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչն ապացուցում է, որ ոստիկանության որոշ ծառայողներ առաջնորդվում են «կրիայի հոգեբանությամբ»:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի բնակիչ 39-ամյա Շ. Խ.-ն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցի իրենց տուն 2 գող են մտել և տանը ոչ ոք չկա: 
 
Ահազանգողը հայտնել է նաև, որ այդ ամենը ինքը իմացել է տեսախցիկների միջոցով:
 
Քաղաքացին մոտ 1 ժամ սպասում է ու տեսնելով, որ ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա, գողության մասին հայտնում է իր փեսային, որից հետո փեսան իր ընկերոջ հետ գալիս է տուն և հենց տան մեջ բռնում գողին: 
 
Տուժած քաղաքացին դարձյալ զանգահարում է ոսստիկանություն ու հայտնում, որ մինչև նրանք կգային, փեսան գողին բռնել է: 
 
Դրանից հետո արդեն անցնում է մոտ 30 րոպե, նոր միայն դեպքի վայր են բարեհաճում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր նշված տնից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում այդ քաղաքացուն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն կատարողը 35-ամյա Արամ Բաղդասարյանն է, ով հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարության դատապարտյալների հիվանդանոցում, և պարզվում է, որ նա նշված տան պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել տուն, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է բնակարանիտիրոջ բարեկամների կողմից: 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, իսկ կասկածյալը տեղափոխվել  է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր