211652_close_icon
views-count91534 դիտում article-date 22:24 26-01-2025

Արարատի մարզում կրակոցներ են արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes»-ի ուղղությամբ. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, «Mercedes»-ի վրա էլ՝ կրակոցի բազմաթիվ հետքեր, և մեկ այլ հրկիզված ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Արարատի մարզի քրեական ոստիկանության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Տեղում պարզվել է շ, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ։

 Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, օրվա պատասխանատու, 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, քրեական և համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են որ կրակոցներն արձակվել են Mercedes 600 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ոստիկանները, հետո նրանց միացած քննիչները, Վեդի քաղաքի Վիլյամ Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել են նշված Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա են կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել են կրակված գնդակներ։

Վեդիում տարածքը սահմանազատել են ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Մինչ Վեդիում աշխատում էին քննիչն ու փորձաքրեագետը, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Արտաշատ քաղաքում կա վառված «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այն նույնպես կապ ունի այսօր տեղի ունեցած կրակոցների հետ։

Այս պահին վառված ավտոմեքենայի դեպքի վայրը պարեկները՝ ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն քննիչներն ու փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարելիս է եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։

Քննիչի հանձնարարականով թե Mercedes-ը, թե վառված Opel-ը տեղափոխվում են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 249+
249+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր