211652_close_icon
views-count718 դիտում article-date 15:58 01-02-2025

Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք միջազգային իրադրությունն արմատապես կփոխվի։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։

«ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունները սպասողական դիրքորոշում են որդեգրել։ Դա հատկապես նկատելի է Հարավային Կովկասում։ Ադրբեջանը սպասում է՝ երբ Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրի, որը համաձայնեցվել է Ռուսաստանի երաշխիքների ներքո, իսկ Հայաստանը շրջվել է դեպի Արևմուտք»,- ասել է Միխայլովը։

Փորձագետը կարծում է, որ Թրամփի օրոք կարող են փոխվել շատ պետությունների սահմաններ, դրանցից մի քանիսն ընդհանրապես կվերանան։ «Սրանք ֆանտաստիկ ենթադրություններ չեն: Թրամփի թիմն արդեն հայտարարել է Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի նկատմամբ իր հավակնությունները, նույնիսկ Կանադային կատակով առաջարկել դառնալ հերթական նահանգը: Բայց, ինչպես ասում են, Թրամփի յուրաքանչյուր կատակի մեջ աշխարհակարգը կտրուկ փոխելու հեռահար ծրագրեր կան»,-նշում է փորձագետը։ 

Խոսելով Վրաստանի մասին՝ քաղաքագետն ընդգծել է, որ հարավկովկասյան այդ երկիրը ևս սպասում է Թրամփի որոշակի քայլերին և սպասողական դիրքորոշում է որդեգրել:  «Թբիլիսին առայժմ վախենում է երկխոսել Ռուսաստանի հետ, բայց ամեն ինչ կարող է փոխվել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների՝ ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ հնարավոր երկխոսությունից հետո»,- նշել է նա։

«Միջազգային հանրության համար այս տարվա գլխավոր ինտրիգը նախևառաջ Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապատրաստումն է և այն, թե ինչպես դրանք կավարտվեն ու ինչ հետք կթողնեն հետխորհրդային տարածքի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Նմանատիպ նյութեր