211652_close_icon
views-count1384 դիտում article-date 18:50 03-02-2025

Գողության դեպք՝ Արարատի մարզում․ թալանել են գյուղերից մեկում գործող մթերային խանութը՝ տանելով ծխախոտներ, տեսաձայնագրող սարքը և գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գողություն է կատարվել Ղուկասավան գյուղի խանութներից մեկից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված գյուղ են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Ասրյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ հունվարի 31-ին ժամը 01։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Վարդան Վ․-ին պատկանող Ղուկասավան գյուղում գործող մթերային խանութի «Եվրո» արտադրության մուտքի դուռը և ապօրինի մուտք գործելով ներս՝ սրահից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի ծխախոտներ, տեսաձայնագրիչ սարքը և դրամարկղից մոտ 30 հազար դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր